helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Քոչարյանի գրասենյակի արձագանքը


Քաղաքականություն

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է ի պատասխան Փաշինյանի պնդումներին:

1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին

1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի-որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին

– 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

– Եռյակի առաջին կոնսուլտացիաները, առանց հակամարտող կողմերի մասնակցության, տեղի ունեցան նույն թվականի փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին՝ Փարիզում: Դրանցում քննարկվում էր բանակցությունների ֆորմատի փոփոխությունը:

– 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվեցին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չհաջողվեց կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:

– Այդ ժամանակ, արդեն, ավելի քան մեկուկես տարի ուղիղ բանկցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։

– Նախագահ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլի 1-ին՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։

– Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը:

– Եվս մեկ փաստ․ 1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջան այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ ԶՐՈ անգամ:

3․ «Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:

Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան և փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:

4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:

5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա՝ Նիկոլ Փաշինյանը, մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:

6․ Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի դեպ, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է և ցանկացողները կարող են կարդալ:

7․ Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան:

Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել

Հիշեցնենք՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ելույթի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցությունների սեղանից։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 39 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *